Տերևները փոքրիկ կտավներ են,
որոնց վրա ծառերը նոր գուներանգներ են հորինում.-
ահա կարմրավունը ուր որ է դեղինից շղարշ կթռցնի,
կանաչը ժպտում է իր դիմափոխված ընկերներին,
իսկ դարչնագույնը փակվում է խոժոռ միայնության մեջ…
Գունաբա՜ն ծառեր, երանգագե՜տ ծառեր,
որ հա՛ պատրաստվում են վաղվա շնորհանդեսին:
Բայց կան պատկերներ, որ ցոլցլում են լիակատարությամբ՝
ասես դուրս բերված ծաղկողների հին արվեստանոցից:-
Ծեր կինը, ահա, կանաչ տերևներ է քաղում չինարուց
և փոքրիկ փնջով խորանում կորվող պուրակն ի վար,-
գուցե ուզում է անմեղ նվերով սիրաշահել մի քիչ
իրեն ուղեկցող սև հրեշտակին:-
Ծերուհուն հեռվից հետևում է ծպտյալ դուդուկահարը:
Երիտասարդ զույգը կարմիր տերևներ է պոկում կաղամախուց,
որոնցից մեկը աղջիկը դնում է գրքի մեջ՝ որպես թանկ էջանշան,-
հիշողության հետ հաշտ ու մտերիմ են սերն ու ներումը:
Իրարից անկախ ժիր ճռվողում են երեխաներն ու
սարյակները, սակայն - նրանք միացյալ մի երգչախումբ են,
որին չափ է տալիս կեսօրվա արևը ճերմակավուն,- նա գիտե՝
ինչպես աշնան սրտից հանել հուզիչ մեղեդիներ:
Իսկ ջահել մայրը կանչում է թփերի հետ խաղացող մանչին,
և ձայնը նրա ալիքվում է օդում - հոբոյի զգոն ,,լյա,,-ի նման.-
աշխարի ձայները միշտ պետք է ստուգել մայրերի կանչով:
Փոքրիկ եկեղեցու գավիթը լի է չոր տերևներով,
իսկ գմբեթի հեզ աղավնիները վառվող մոմերի ծուխն աննկատ
հերթով ձգում են դեպի երկինք:- Աշունը զգում է հավատավորների անեղծ իղձերը, նրանց համար է հոգեպահուստն իր – գոհության ոսկե մանյակներով:
…Հիշեցի՝ անցվոր եմ էս վայրերում և իմ ժամանակը
չափում չունի էստեղ:- Զգույշ հենվում եմ դեղնող օրվա ուսին,
տեսնում արտացոլքս մտացրիվ աշնան հայելու մեջ,-
մի՞թե կարող է հարազատը էսքան օտարական դառնալ
ծանոթ, վայելած, ծիծաղկուն գույների շրջապատում,-
և հայելու մեջ, իբրև խորապատկեր, նշմարվում են - ինչպես
կարմիր պարաններ են ճոճվում գալիքից, բայց ավելի շատ՝
էնտեղ ներկայի գորշ արցունքներն կան
և անցյալից եկող երամներ կապույտ:
30.10.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Գեղանկարը՝ Նիկա Պողոսյանի